38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԾԻՐԱՆ»ԱՎԱՌ ԻՄ ԵՐԵՎԱՆ

«ԾԻՐԱՆ»ԱՎԱՌ ԻՄ ԵՐԵՎԱՆ
19.07.2011 | 00:00

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի 8-օրյա խելահեղ շրջապտույտում ինքնակամ ներառված հարյուրավոր երևանցիների կինոկրքերն ամենևին էլ չխաղաղվեցին վերջնահանդեսն անակնկալ «խմբագրած» հուժկու տեղատարափով։ 3D տեխնիկայի հմուտ կիրառմամբ սրվել էր Վիմ Վենդերսի «Պինա» կինոժապավենի զգայացունց ներգործությունը։ Ամենքին էր գերել գերմանուհի հանրահռչակ պարուսույց Պինա Բաունչի ստեղծած արտասովոր աշխարհը։ 68 տարեկանում հանկարծամահ եղած անզուգական արվեստագետի պարային թատրոնի պլաստիկ արտահայտչամիջոցների խորունկ իմաստավորվածությամբ պարզապես կախարդվել էր կապույտ սրահը։ Եռաչափ կինոտարածքում Պինայի բազմաշերտ նկարագրի աներևույթ ուրվագծումը շատերի համար հետմահու բացահայտում էր։ Տաղանդավոր ու տարաբախտ էակի կորստյան ցավից տամուկ մի տխրությամբ էին պարուրվել նրան երբևէ չճանաչած հայ արվեստասերները։
Անվերջանալի թվացող հորդ անձրևի լայնատարած «էկրանին» սևեռված հայացքում ինքնաբուխ մի խճանկար կազմեցին դրամատիզմով հագեցած մի քանի տասնյակ կինոժապավեններից մտապատկերում դաջվածները։ Օլիվիե Կուսմակի (Ֆրանսիա) ռեժիսորական դեբյուտի («Ցավի զավակ») 15-ամյա հմայիչ Սելինի նենգադավ դրսևորումների արտառոց կադրերին հաջորդեցին Պաուլա Մարկովիչի (Մեքսիկա) էլեգիկ «Պարգև»-ինը։ Յոթնամյա Սեսիլին անհասկանալի պատճառներով (Արգենտինայի պատմության մեջ «կեղտոտ պատերազմ» որակված 1976-1983 թվականների արնավախ անմարդկային միջավայրում) խեղված մանկության դաժան մի դրվագի այս կինոպատումը, որն արժանացավ խաղարկային մրցույթի հանձնախմբի հատուկ և Հայաստանի ազգային նորաստեղծ կինոակադեմիայի «Յուրահատուկ ստեղծագործական հայացք» մրցանակներին, սիրով ու մանկական անմիջականությամբ էր առլեցուն։
Մարկեսյան մռայլն էր գերիշխում հունգարացի կինոռեժիսոր Բելա Տարի վերջին` «Թուրինյան ձի» նիհիլիստական ֆիլմում, միապաղաղ, անուրախ գոյատևմանը մարդ արարածի դատապարտվածությունը։ 34 տարի համաշխարհային կինոյում իր ուրույն գեղագիտությամբ մշտապես ուշագրավ վարպետի մռայլ հոռետեսությունն առկա էր նաև երևանցիներին ներկայացված նրա «Նզովք» (1988 թ.) և «Լոնդոնցի մարդը» (2007 թ.) կինոնկարներում։ Ընդդիմանալով սուտ լավատեսությանը` Բելա Տարն իր հարուստ փորձառությամբ այսպես է բնութագրում ժամանակակից կինոարվեստը. «Տանը պատրաստված սննդարար կերակուր չես գտնում այսօրվա ֆիլմերում, հիմնականում մակդոնալդսային համբուրգերներ են։ Ֆիլմն իրական պատմություն է, գործողություն, պատկեր, հայացք, աղմուկ, լռություն։ Սոցիումի մասին խոսելը բավական չէ։ Կարևոր է կյանքի բովանդակությունը, զգացողությունները ֆիլմի տրամաբանությամբ ու ռիթմով դիտողին հստակ փոխանցելը` հենց նկարահանման հրապարակում` տեսախցիկում կուռ մոնտաժելով գլխավոր ասելիքը»։ «Գլխավոր ասելիքի մոնտաժման» էր կարոտ ոչ միայն «Ոսկե ծիրանի» ֆիլմացանկի, այլև մրցանակված կինոժապավենների (հարավկորեացի ռեժիսոր Փարկ Չուն-Բումի «արծաթե» «Մուսանյան նոթեր», Հարութ Շատյանի «ոսկե» «Ներբեռնելով կյանքս», գերմանացի Անդրեա Ռոգոնի կուբայահենք «Ես ազատ եմ», բրիտանացի Ֆիլ Գրաբսկու «Միր անունով տղան. տասը տարի Աֆղանստանում», գերմանացի Օլաֆ Զաումերի «Ինքնասպանների ակումբը» և այլն) գերակշիռ մասը։ Խաղարկային մրցույթի հանձնախմբի նախագահ, կինոքննադատ Դերեկ Մալկոլմի խոստովանությամբ` ինքն էլ երբեմն, մյուսների նման, ննջում էր երկարատև ֆիլմերը դիտելիս։ Պատահական չէ, որ շարունակական կինոդիտումներից ակնհայտորեն հոգնաբեկները հաջորդ ֆիլմն ընտրում էին տևողության ժամանակացույցով` նախապատվությունը տալով Գեորգի Բարբակաձեի «Գորիով», Լևոն Մինասյանի «Դաշնամուրը», Էբրահիմ Սայիդի (Իրաք) «Մանդու», Պյոտր Սուբոտկոյի «Գլազգո» և մի շարք այլ կարճամետրաժներին։ «Կորիզ»աֆիլմերի մեծամասնության ասելիքը, ցավոք, ճապաղ էր, բացակայում էին կադրի կոմպոզիցիան ու տրամաբանությունը։ «Ոսկեարծաթ» մրցանակները քննարկելիս շատերն ընդունեցին «Հայկական համայնապատկերի» հանձնախմբի նախագահ Ելենա Ստիշովայի (ՌԴ) դիպուկ նկատառումը. «Հարկ է խուսափել փառատոնի մրցույթում հեռուստատեսային որակի ֆիլմեր ներգրավելուց»։ Զարմացրեց և տխրեցրեց նույն հանձնախմբի անդամ Նիրմալ Դհարի (Հնդկաստան) անիրազեկ դիտարկումը` սփյուռքահայերին ևս այս կինոհամաժողովին մասնակից դարձնելու մասին։ Տխրությունը խորացրեց հարավկորեացի Չհո Յոուն-Չուն, ով առաջարկեց իրենց Պուսանի կինոփառատոնի օրինակով պատշաճ հանրաճանաչումն ապահովել սեփական երկրի ֆիլմարտադրության։ «ՈՒրեմն, հայկական ֆիլմերը հարկավոր ուշադրությամբ չե՞ն ներկայացվել»,- մտորեցինք` անսպասելի պարզելով «Սուրբ խաչն առանց խաչի», «Հայ տարագիրը», «Մենք ենք...», «Վանա ծովուն արշալույսը», «Ձիթավաճառի որդին» և ուրիշ հայկական կինոժապավենների արժանավորության հանիրավի ստվերումը։ Սրանում, ըստ իս, որոշակի մեղքի բաժին ունեն հանրային հեռուստաընկերությունները, որոնց համագործակցությունը տեղի կինոստուդիաների ու մոտ տասնյակ կինոփառատոների հետ այդպես էլ չի կարևորվում ո՛չ անհատապես, ո՛չ պաշտոնապես։ Ի դեպ, կինոտոնը մատչելի կլիներ անհամեմատ ընդգրկուն կինոսրահին, եթե չզլանային հեռարձակել գեթ ուշագրավ կինոժապավենների մի մասը: Ի դեպ, հրչակվածների մեկանգամյա ցուցադրության համար «Ոսկե ծիրանը» պատկառելի գումարներ է հարկադրված վճարել։ Չնայած դրանց շնորհիվ կայացան երևանյան պրեմիերաներից շատերը (Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիան», Թերենս Մալիքի «Կենաց ծառը» և այլն)։ Գլխավոր կինոանակնկալներից ամենատպավորիչները, անկասկած, Բերտրան Տավերնիեի, Վոյցեխ Մարչևսկու, Նուրի Բիլգե Ջեյլանի, Ալեքսեյ ՈՒչիտելի, Ասղար Ֆարհադի ստեղծագործություններն էին։ Վերջինիս «Նադեր և Սիմին. ապահարզան» կինոպատումով զգալիորեն կոնկրետացավ իրանական ֆիլմարտադրության գեղարվեստական վերելքի մասին հայաստանցի կինոսիրողների մոտավոր պատկերացումը։ Այդուհանդերձ, չհերքվեց Դերեկ Մալկոլմի դիրքորոշման հիմնավորվածությունը. «Մեզ զարմացրեց, որ Բեռլինի փառատոնում հաղթող ճանաչված ֆիլմը Երևանում էլ մրցույթի է մասնակցում։ Ո՞վ կկարևորի «Ոսկե ծիրանը» «Ոսկե արջից» հետո։ Բայց ֆիլմի գերազանցությունն այնքան ակնհայտ էր մյուս մրցութայիններից, որ այլ որոշում կայացվել չէր կարող»։ Անվիճարկելի էին Ալեքսանդր Նանաուի (Ռումինիա) «Աշխարհը` ըստ Իոն Բ.-ի» գունագեղ կինոդիմանկարին` «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե ծիրան» և Կոռնել Գեորգիտայի (Ռումինիա) ապոկալիպտիկ «Եվրոպոլիսին» Էկումենիկի շնորհած մրցանակները։
Երբ ընդհանուր հայացք ես ձգում ութերորդ «Ծիրան»ազամբյուղին, հիմնականում հավաստիանում ես նաև մրցանակակիրների արժանավորության մեջ։ Փառատոնի կազմակերպիչները, վայելելով պետության ու բազմաթիվ «մանթաշյանց ասպետների» կայացնող աջակցությունը, տարեցտարի ավելի ընդարձակում են իրենց գործունեության հոգևոր ներուժին վստահողների շրջանակը։ ՈՒթերորդը, անվերապահորեն, բեկումնային էր թե՛ կինոարվեստի, թե՛ քաղաքագիտության խորիմաց առաջընթացով։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2209

Մեկնաբանություններ